Անասնաբուժական ախտորոշումը  տնային կենդանիների հիվանդությունների հայտնաբերման առաջնային գործընթացն է, որի ճիշտ և ժամանակին լինելը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ և արագ բուժել հիվանդությունը՝  կենդանու կյանքի  համար նվազագույն ռիսկայնությամբ: Ճիշտ դրված ախտորոշումը կենդանու առողջության վերականգնման գործընթացի ամենակարևոր բաղադրիչն է:

Ժամանակակից սարքավորումները  հնարավորություն են տալիս ախտորոշելու անգամ շատ հազվադեպ հանդիպող հիվանդություններ և շատ սեղմ ժամկետներում իրականացնել  բուժական արդյունավետ միջոցառումներ:

VetExpert անասնաբուժական կլինիկան իրականացնում  է տնային և էկզոտիկ կենդանիների ամբողջական ախտորոշում:

Կենդանու հիվանդության  ամբողջական  ախտորոշման համար կարող են պահանջվել մի շարք մասնագիտացված հետազոտություններ և անալիզներ: Ներկայումս  կլինիկան իրականացնում է  հետևյալ հիմնական դիագնոստիկ հետազոտությունները.

  1.  ընդհանուր կլինիկական հետազոտություն
  2.  լաբորատոր հետազոտություններ
  3. ուլտրաձայնային հետազոտություններ
  4. ռենտգենաբանական  հետազոտություններ
  5. Լյումինեսցենտային  ախտորոշում:

Ընդհանուր կլինիկական հետազոտություն

  1.  Կլինիկական հետազոտությունը  ներառում է երեք հիմնական բաժիններ
  2. Հիվանդ կենդանու  հետազոտում ֆիզիկական ( որոնք իրականացվում են զգայարանների միջոցով) և լաբորատոր-գործիքային մեթոդներով՝ դիտարկում, շոշափում, բախում, լսում և ջերմաչափում
  3. հիվանդության նշանների և համախտանիշների հայտնաբերում, համադրում, դրանց դիագնոստիկ նշանակության գնահատում                               3.  անասնաբույժի յուրահատուկ մտածելակերպի դրսևորում հիվանդության ճանաչման համար:

Լաբորատոր հետազորություններ — կատարվում են արյան ընդհանուր և բիոքիմիական անալիզներ, մեզի ընդհանուր անալիզ, կոպրոսկոպիա, հելմինթոսկոպիա, էկտոպարազիտների առկայություն, ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների առկայության հետազոտություն:

Ժամանակակից անասնաբուժությունը դժվար է պատկերացնել առանց լաբորատոր հետազոտությունների: Լաբորատոր հետազոտությունները անասնաբույժին հնարավորություն են տալիս կատարել ճիշտ ախտորոշում և բուժում: Բուժման ընթացքում  բժիշկը պարբերաբար կատարում է լաբորատոր հետազոտություններ, որոնց միջոցով հետևում է բուժման ընթացքին և նշանակված բուժման արդյունավետությանը:

 Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) – Ուլտրաձայնային հետազոտությունը օրգանների և հյուսվածքների հետազոտությունն է ուլտրաձայնային ալիքների միջոցով: ՈՒՁՀ-ն պարզ և հասանելի մեթոդ է, որը չունի հակացուցումներ: Ավելին, այն կարելի է կատարել մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ, եթե կա դրա անհրաժեշտությունը: ՈՒՁՀ-ն լայն տարածված ախտորոշման մեթոդ է, որը համարվում է անվտանգ և չի ճառագայթում հիվանդին:

ՈւՁՀ-ն օգտագործում են որովայնի խոռոչի, երիկամների, կոնքի խոռոչի օրգանների, վահանաձև գեղձի, կաթնագեղձի, սրտի, անոթների հիվանդությունների ախտորոշման համար, ինչպես նաև ծննդագիտության և գինեկոլոգիայի բնագավառում:

Ներկայումս  VetExpert անասնաբուժական կլինիկայում ուլտրաձայնային հետազոտությունները կատարվում են  Mindray Dp 10 vet սարքի միջոցով, որը միակ սերտիֆիկացված անասնաբուժական ուլտրաձայնային սարքն է Հայաստանում:

Ռենտգենաբանական  հետազոտություններ  Ռենտգենյան ճառագայթներն էլեկտրամագնիսական ալիքների տարատեսակ են: Ռենտգեն հետազոտությունը այդ ճառագայթների միջոցով կենդանու ներքին օրգանների նկարահանումն է լուսազգայուն ժապավենի վրա, ինչի հետևանքով ստացվում է յուրահատուկ պատկեր: Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել նրանց ձևը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը.
— ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտությունն իրականացվում է բորբոքային, խոցային ախտահարումների, պոլիպների, դիվերտիկուլների, աղիքային անանցանելիության և ուռուցքների ախտորոշման նպատակով,
— կրծքավանդակի ռենտգենագրաֆիան թույլ է տալիս ախտորոշել կրծքավանդակում տեղակայված օրգանների  կառուցվածքային, վարակային, ուռուցքային և այլ հիվանդությունները,
— ողնաշարի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվում են դեգեներատիվ-դիստրոֆիկ, բորբոքային և ուռուցքային հիվանդություններ,
— հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է ոսկրերի և հոդերի տարբեր վնասվածքային (կոտրվածքներ, հոդախախտեր), վարակային, համակարգային ախտահարումների և ուռուցքային փոփոխությունների հայտնաբերման նպատակով:
Ռենտգեն հետազոտության համար հիվանդների հատուկ նախապատրաստում հիմնականում չի պահանջվում, բացառությամբ՝ մարսողական օրգանների:
Ռենտգենաբանական հետազոտությունները չափազանց պահանջված են վնասվածքաբանության մեջ և օրթոպեդիայում: Այն իրենից ներկայացնում է արագ, հասանելի, հեշտ և մատչելի մեթոդ, որը շատ դեպքերում թույլ է տալիս անմիջապես ախտորոշել և բուժում նշանակել:

Լյումինեսցենտային  ախտորոշում (լյումդիագնոստիկա)

Սա արագ, շատ հեշտ և անցավ մաշկային հիվանդությունների ախտորոշման մեթոդ է, որը հիմնված է որոշ նյութերի ուլտրամանուշակագույն ճառագայթների որոշակի սպեկտրի(365 նմ) ազդեցությունից յուրահատուկ լուսարձակելու հատկության (ֆլուորեսցենցելու) վրա: Նման ճառագայթների աղբյուր է հանդիսանում Վուդի լամպը որի միջոցով կարելի է հետազոտել մաշկը, ինչի արդյունքում հնարավոր է ախտորոշել հիվանդի մոտ մաշկի բորբոքային պրոցեսները, սնկային հիվանդությունները և աչքի եղջերաթաղանթի թաքնված վնասվածքները: