Անասնաբուժական ախտորոշումը տնային կենդանիների հիվանդությունների հայտնաբերման առաջնային գործընթացն է, որի ճիշտ և ժամանակին լինելը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ և արագ բուժել հիվանդությունը՝ կենդանու կյանքի համար նվազագույն ռիսկայնությամբ: Ճիշտ դրված ախտորոշումը կենդանու առողջության վերականգնման գործընթացի ամենակարևոր բաղադրիչն է:
Ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս ախտորոշելու անգամ շատ հազվադեպ հանդիպող հիվանդություններ և շատ սեղմ ժամկետներում իրականացնել բուժական արդյունավետ միջոցառումներ:
VetExpert անասնաբուժական կլինիկան իրականացնում է տնային և էկզոտիկ կենդանիների ամբողջական ախտորոշում:
Կենդանու հիվանդության ամբողջական ախտորոշման համար կարող են պահանջվել մի շարք մասնագիտացված հետազոտություններ և անալիզներ: Ներկայումս կլինիկան իրականացնում է հետևյալ հիմնական դիագնոստիկ հետազոտությունները.
- ընդհանուր կլինիկական հետազոտություն
- լաբորատոր հետազոտություններ
- ուլտրաձայնային հետազոտություններ
- ռենտգենաբանական հետազոտություններ
- լյումինեսցենտային ախտորոշում:
Ընդհանուր կլինիկական հետազոտություն
Կլինիկական հետազոտությունը ներառում է երեք հիմնական բաժիններ
- Հիվանդ կենդանու հետազոտում՝ ֆիզիկական ( որոնք իրականացվում են զգայարանների միջոցով) և գործիքային մեթոդներով (դիտարկում, շոշափում, բախում, լսում և ջերմաչափում)
- Հիվանդության նշանների և համախտանիշների հայտնաբերում, համադրում, դրանց դիագնոստիկ նշանակության գնահատում
- Բժշկական մտածելակերպի դրսևորում՝ հիվանդության ճանաչման համար:
Լաբորատոր հետազորություններ — կատարվում են արյան ընդհանուր և բիոքիմիական անալիզներ, մեզի ընդհանուր անալիզ, կոպրոսկոպիա, հելմինթոսկոպիա, էկտոպարազիտների առկայություն, ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների առկայության հետազոտություն:
Ժամանակակից անասնաբուժությունը դժվար է պատկերացնել առանց լաբորատոր հետազոտությունների: Լաբորատոր հետազոտությունները անասնաբույժին հնարավորություն են տալիս կատարել ճիշտ ախտորոշում և բուժում: Բուժման ընթացքում բժիշկը պարբերաբար կատարում է լաբորատոր հետազոտություններ, որոնց միջոցով հետևում է բուժման ընթացքին և նշանակված բուժման արդյունավետությանը:
Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) – Ուլտրաձայնային հետազոտությունը օրգանների և հյուսվածքների հետազոտությունն է ուլտրաձայնային ալիքների միջոցով: ՈՒՁՀ-ն պարզ և հասանելի մեթոդ է, որը չունի հակացուցումներ: Ավելին, այն կարելի է կատարել մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ, եթե կա դրա անհրաժեշտությունը: ՈՒՁՀ-ն լայն տարածված ախտորոշման մեթոդ է, որը համարվում է անվտանգ և չի ճառագայթում հիվանդին:
ՈւՁՀ-ն օգտագործում են որովայնի խոռոչի, երիկամների, կոնքի խոռոչի օրգանների, վահանաձև գեղձի, կաթնագեղձի, սրտի, անոթների հիվանդությունների ախտորոշման համար, ինչպես նաև ծննդագիտության և գինեկոլոգիայի բնագավառում:
Ներկայումս VetExpert անասնաբուժական կլինիկայում ուլտրաձայնային հետազոտությունները կատարվում են Mindray Dp 10 vet սարքի միջոցով, որը միակ սերտիֆիկացված անասնաբուժական ուլտրաձայնային սարքն է Հայաստանում:
Ռենտգենաբանական հետազոտություններ Ռենտգենյան ճառագայթներն էլեկտրամագնիսական ալիքների տարատեսակ են: Ռենտգեն հետազոտությունը այդ ճառագայթների միջոցով կենդանու ներքին օրգանների նկարահանումն է լուսազգայուն ժապավենի վրա, ինչի հետևանքով ստացվում է յուրահատուկ պատկեր: Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել նրանց ձևը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը.
— ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտությունն իրականացվում է բորբոքային, խոցային ախտահարումների, պոլիպների, դիվերտիկուլների, աղիքային անանցանելիության և ուռուցքների ախտորոշման նպատակով,
— կրծքավանդակի ռենտգենագրաֆիան թույլ է տալիս ախտորոշել կրծքավանդակում տեղակայված օրգանների կառուցվածքային, վարակային, ուռուցքային և այլ հիվանդությունները,
— ողնաշարի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվում են դեգեներատիվ-դիստրոֆիկ, բորբոքային և ուռուցքային հիվանդություններ,
— հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է ոսկրերի և հոդերի տարբեր վնասվածքային (կոտրվածքներ, հոդախախտեր), վարակային, համակարգային ախտահարումների և ուռուցքային փոփոխությունների հայտնաբերման նպատակով:
Ռենտգեն հետազոտության համար հիվանդների հատուկ նախապատրաստում հիմնականում չի պահանջվում, բացառությամբ՝ մարսողական օրգանների:
Ռենտգենաբանական հետազոտությունները չափազանց պահանջված են վնասվածքաբանության մեջ և օրթոպեդիայում: Այն իրենից ներկայացնում է արագ, հասանելի, հեշտ և մատչելի մեթոդ, որը շատ դեպքերում թույլ է տալիս անմիջապես ախտորոշել և բուժում նշանակել:
Լյումինեսցենտային ախտորոշում (լյումդիագնոստիկա)
Սա արագ, շատ հեշտ և անցավ մաշկային հիվանդությունների ախտորոշման մեթոդ է, որը հիմնված է որոշ նյութերի ուլտրամանուշակագույն ճառագայթների որոշակի սպեկտրի(365 նմ) ազդեցությունից յուրահատուկ լուսարձակելու հատկության (ֆլուորեսցենցելու) վրա: Նման ճառագայթների աղբյուր է հանդիսանում Վուդի լամպը որի միջոցով կարելի է հետազոտել մաշկը, ինչի արդյունքում հնարավոր է ախտորոշել հիվանդի մոտ մաշկի բորբոքային պրոցեսները, սնկային հիվանդությունները և աչքի եղջերաթաղանթի թաքնված վնասվածքները: