Վաղուց հայտնի է, որ ավելի հեշտ է կանխել վարակիչ հիվանդություններով վարակումը, քան բուժել դրանք՝ վտանգելով  առողջությունը: Այդ իսկ պատճառով  խորհուրդ է տրվում ժամանակին կենդանիներին  պատվաստել:

Պատվաստել կարելի է միայն կլինիկապես առողջ (առանց հիվանդության նշանների) կենդանիներին: Էկտոպարազիտների առկայության դեպքում (տզեր, ոջիլներ, լվեր, մազակերներ և այլն) կենդանին պետք է նախօրոք մշակվի հատուկ դեղամիջոցներով, որից հետո միայն կարելի է պատվաստել:

Պատվաստումից առաջ  պարտադիր կատարվում է  ճիճվաթափություն:  Միաժամանակ նշենք, որ անկախ պատվաստումից, հասուն կենդանիներին պրոֆիլակտիկ  նպատակներով  անհրաժեշտ է ճիճվաթափել յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, իսկ ձագերին 40-45 օրը մեկ մինչև 8-9 ամսեկան դառնալը :

Շան ձագերի պատվաստում

Շան ձագերի մոտ առաջին պատվաստումը կատարվում է 6-9 շաբաթական հասակում, այնուհետև 2-4 շաբաթ անց կատարվում է երկրորդ պատվաստումը, իսկ երրորդ պատվաստման անհրաժեշտություն առաջանում է  կախված պատվաստանյութի տեսակից:

Կատվի ձագերի պատվաստում

Կատվի ձագերի մոտ առաջին պատվաստումը կատարվում է 9-12 շաբաթական հասակում: Երկրորդ պատվաստումը կատարվում է 2-3 շաբաթ անց:

Խորհուրդ չի տրվում կատվի ձագերին  պատվաստել մինչև 2 ամսական հասակը՝  կապված  մայրական պասիվ իմունիտետի հետ:

Հասուն   կենդանիների պատվաստում

Հասուն կենդանիների (շների և կատուների) պատվաստումը կատարվում  է տարին մեկ անգամ: Իմունիտետը ձևավորվում է պատվաստումից 2 շաբաթ անց:

Յուրաքանչյուր  պատվաստումից հետո,  որոշ ժամանակ անասնաբույժը հետևում է կենդանուն, որպեսզի ալերգիկ ռեակցիաների առաջացման դեպքում կենդանուն ժամանակին օգնություն ցուցաբերվի:

Պատվաստումից հետո  կենդանուն տրվում է անձնագիր, որտեղ գրանցվում են  կատարված բոլոր պատվաստումները (օգտագործված պատվաստանյութերի  տվյալները,  պատվաստման օրերը ) և հաջորդ պատվաստման ժամկետը,  էկտո-էնդո մակաբույծների դեմ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները,  դեղորայքային և սննդային ալերգիկ ռեակցիաները:

Հիվանդություններ, որոնց կանխարգելման նպատակով կատարվում են  պատվաստումներ՝

 Շներ

կատաղություն, լեպտոսպիրոզ, գիշատիչների ժանտախտ, պարվովիրուսային  էնտերիտ, ինֆեկցիոն հեպատիտ, բորդետելիոզ, ադենովիրուս, պարագրիպ, կորոնավիրուս

Կատուներ

կատաղություն, պանլեյկոպենիա, կալցիվիրոզ, վիրուսային ռինոտրախեիտ,  խլամիդիոզ:

Ի լրումն վերոգրյալի, նշենք,  որ կատարվում է նաև դերմատոմիկոզների դեմ (տրիխոֆիտիա և միկրոսպորիա) կենդանիների պատվաստում: